«Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունը գործունեություն է ծավալում բնապահպանական տեսանկյունից ռիսկային ոլորտում: Միևնույն ժամանակ` ընկերությանը հաջողվել է, հենվելով համաշխարհային առաջադեմ փորձի վրա և կիրառելով բնապահպանական տեսանկյունից առավել խնայող տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերական համալիրի գործունեության հետևանքով հնարավոր ազդեցությունը սահմանափակել միջազգայնորեն ընդունված առավել խիստ չափորոշիչների շրջանակներում: Ընկերության տարբեր ստորաբաժանումների տարածքում իրականացված շրջայցերի արդյունքում` գործունեության բնապահպանական չափումների վերաբերյալ միանշանակ դրական եզրակացություն և բարձր գնահատական են տվել մի շարք հայաստանյան և միջազգային փորձագիտական խմբեր:
ԼՂՀ Դրմբոնի հարակից տարածքներում տեղաբաշխված արդյունաբերական օբյեկտների մեծամասնությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից նախագծվել և կառուցվել են որպես երկակի նշանակության օբյեկտներ: Ընկերությունը նախատեսում է օգտակար հանածոների արդյունաբերական պաշարները սպառվելուց հետո` այժմ արդյունաբերական նպատակներով շահագործվող շինությունների ու տարբեր ենթակառուցվածքների հիման վրա ստեղծել խոշոր զբոսաշրջային համալիր` տարածաշրջանում զբոսաշրջության տարբեր տեսակներ և առաջին հերթին էկոտուրիզմը զարգացնելու համար: