Պատմական ակնարկ
«Բեյզ Մեթըլս» փակ բաժնետրական ընկերությունը հիմնադրվել է 2002թ. օգոստոսի 7-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերության հիմնադրման նախանշված նպատակն էր Վալլեքս խմբի ընկերությունների արտադրական հզորությունների համար կայուն հանքահումքային բազայի ստեղծումը: Գործունեության սկզբում իրականացվել է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի վերագնահատողական ուսումնասիրություն, հանքավայրը նախապատրաստվել է արդյունաբերական շահագործման համար և կառուցվել է հանքահարստացուցիչ համալիր: Վալլեքս խմբի ընկերությունների աշխատակիցների, այդ թվում նաև «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ մասնագետների ջանքերի շնորհիվ հաջողվեց, իրականացնելով համալիր աշխատանքներ, ընդամենը 13 ամսվա ընթացքում սկսել պղինձ-ոսկու ապրանքային խտանյութի արտադրությունը: Ներկայումս Դրմբոնում շարունակում է գործել և զարգանալ լեռնահարստացուցիչ համալիրը, որը հագեցած է արտադրության համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով և օժանդակ ստորաբաժանումներով:
Գործող ձեռնարկության տարածքում նախկինում չի եղել ենթակառուցվածքային որևէ միավոր: Դրմբոնի հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության, լեռնահարստացուցիչ համալիրի նախագծման և կառուցման, ինչպես նաև ստորգետնյա հանքի շահագործման աշխատանքները իրականացվել և իրականացվում են միմիայն Վալլեքս խմբի ընկերությունների կողմից: Վերջին տարիների ընթացքում մեր մասնագետների կողմից կուտակված փորձը և հմտությունը հնարավորություն է տալիս ապագայում ևս ամենասեղմ ժամկետներում իրականացնել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի նոր արտադրական համալիրների կառուցման և շահագործման աշխատանքներ: